Նայում եմ մեր ժողովրդի տարբեր հատվածների նախընտրական տրամադրություններին, որոնց անձամբ ծանոթանում եմ Մեղրիից մինչև Նոյեմբերյան ու Աշոցք իմ մշտական ուղիղ շփումներով։ Դեմ եմ ինքնախաբեությանը, կարծում եմ, պետք է ուղիղ նայել իրականությանը, և իմ կարծիքով, ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական աշխատանքը և իշխանության գործողությունները ԱՅՍ ՊԱՀԻՆ ձևավորել են հետևյալ պատկերը․
Իմ կարծիքով, ընտրությունների մասնակիցների թիվը այս պահին չի գերազանցի 40%-ը, ինչը ողբերգական ցածր թիվ է և կլինի հօգուտ Նիկոլ Փաշինյանի։
Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն իր առերևույթ ընտրակեղծիքներով ու վարչական լծակներով, ոստիկանությունով, ԱԱԾ-ով, բանակով ունի մոտ 35-45% ձայն։
Հիմնական երեք ընդդիմադիր ուժերը՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցություններով, ունեն 45-55% ձայն։
Թե ով ինչքան տոկոս կստանա, այս պահին կդժվարանամ ասել։
Մոտ 10% հիմա փոշիանում է տարբեր իրական ու ձևական ընդդիմադիր մանր կուսակցությունների պատճառով։ Իսկ դա վերջնարդյունքում կգումարվի Նիկոլի ունեցած ձայներին՝ նրան ապահովելով հաղթանակ։
Գուցե Արման Թաթոյանին և «Հայաքվեին» հաջողվի իրենց շուրջը համախմբել որոշ անցողիկ տոկոս և դառնալ 4-րդ հիմնական ընդդիմադիր ուժը, ինչը կարևոր է։
Սիրելի հայրենակիցներ, նշածս թվերը սոցիոլոգիական հարցման տվյալներ չեն, դրանք իմ դիտարկումներն են՝ հենված ժողովրդի հետ ամենօրյա մասշտաբային հանրային շփումների վրա։ Պարտադիր չէ, որ դրանք լինեն բացարձակ ճշմարտություններ, քանի որ հիմնված են ստացած տպավորությունների վրա։
Թե ինչ ընթացք կունենան հանրային տրամադրությունները բուն ընտրությունների ժամանակ, մեծապես կախված է ընդդիմադիր ուժերի աշխատանքի որակից։
Կարևոր է ոչ միայն պայքարել Նիկոլի դեմ, այլև խոսել ժողովրդի սրտի հետ, փոխել մարդկանց մտածողությունը, ինչը բացառապես կախված է ընդդիմության աշխատանքի որակից։
Նաիրի Հոխիկյան